30.08.2014

Զվարճալի դեպք Արամ Մանուկյանի հուշերից

«Այն ժամանակ ես հազիւ 22-23 տարեկան էի, դեռ երես ածիլելը ինչ է չգիտեի: Իհարկե, բեղ-մօրուս ունէի և անհրաժեշտ էր, որ ածիլուեմ:
Բայց որտեղից գտնել սարի գլխին կանոնաւոր սափրիչ, գէթ ածելի, ո'չ այս կայ, և ո'չ այն: Դես ու դեն ենք ընկնում: Վերջապես, յայտնում են, որ գյուղի ու վանքի ամենալաւ «թրաշչին» վանքի ծառայ Սահակն է, որն ունէր մի լաւ սուր դանակ, որով, և' ոչխար էր մորթում, և' փայտ կտրում, և' մարդու երես ածիլում... Ճար չկար. ոնց որ եզը կը տանեն սպանդանոց, ինձ էլ նստացրին Սահակի առջև: Տնաքանդը սապոնով «թրաշ» անելու սովորութիւն էլ չուներ. այդ բանը նրա գլուխը ձգեց Յարութիւնը: Վերջապէս, երկար-բարակ նախապատրաստութիւններից վերջը` դանակը սրեց և գործի սկսաւ:
Ղըրթա ղըրթ. անտէր երեսս շատ սարթ է. խեղճի դանակը չի կտրում. սոսկալի ցաւ է պատճառում արդէն այստեղից այնտեղից մի քանի ածելի առնելը: Իսկ երբ մի երեսս վերջացրեց և սկսեց վիզս, ուղղակի ահռելի էր: Դիմանալ չկարողացայ: Արդէն մի քանի տեղից կտրել էր, տղայի պես խռովեցի և ըմբոստացայ: Վարդապետը, Փայլակը, Արտուրը և Յարութիւնը կանգնած կը խնդային ու կը հեգնէին: Միայն վերջինն էր, որ փորձեր էր անում օգնել: Ծառան վախեցած փախաւ: Գործը շարունակեց Յարութիւնը: Մնացածը երեւակայելու է: Վերջանալուց յետոյ ամբողջ երեսս արիւնոտուել էր»:


16.06.2014

Գևորգ Հովհաննիսյան. «Ցեղի Հավիտենական Զենքը» Ազդ

Տպագրության է պատրաստ Գևորգ Հովհաննիսյանի կազմած՝ «Ցեղի  Հավիտենական Զենքը» ընդհանուր վերնագրով՝ ամփոփ ժողովածուն,  ուր առանձին բաժիններով քննարկվում և ներկայացվում են՝ Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների հիմքային խորհուրդներն ու ելակետային մոտեցումները : Հայկականության տեսության հիմնադիրների կողմից մեզ ժառանգված այս ուսմունքներն արժևորվում են՝ մեր պատմությունից քաղված զուգադրումներով, Հայոց պատմական անցյալի տարբեր դրվագների ու կնճռոտ հարցերի վերարժևորման միջոցով, որով, հիմնավորվում է Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների ոչ միայն՝ մեր ազգային էության վրա խարսխված լինելու, այլ նաև մեր գալիք ճակատագրում՝ դրանց անփոխարինելիության հանգամանքը: Պատմությունից բերված հարուստ օրինակները, մեր Հայրենիքի աշխարհագրական առանձնահատկությունների հետաքրքիր մեկնաբանությունները, դրանց սերտ կապը այս Ուսմունքների տված խորհուրդներին, ինչպես նաև՝ գրքի կենդանի ոճն ու պարզ շարադրանքը՝ այն դարձնում են մատչելի՝ ոչ միայն Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների ուսումնասիրությամբ զբաղվողների, այլ նաև՝ մեր Ազգի ու Հայրենիքի պատմության խորհուրդները հասկանալ ցանկացող երիտասարդների համար: Ձեզ ենք ներկայացնում հատվածներ՝ Ժողովածուից.




08.06.2014

ԱՀԱ ԹԵ ՈՒՄ ԱՐՁԱՆՆ Է ՊԵՏՔ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԵՎ ՈՒՄ ՕՐԻՆԱԿՈՎ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ


,,.....գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։


«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։


Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա,,։


Սկսվեց ճակատամարտը:
Գուրգեն Տեր- Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...



Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Աարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն , և երկիրը փրկվում է կործանումից:

27.02.2014

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՄՔ


Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: ՙԿա՜ արտաքին ճակատը, որի  վրա միայն  կարելի է  արժանապես
հերոսանալ՚,- նշանաբանում է Տարոնականությունը:    Միաժամանակ,  մատնանշելով  այն  վտանգավոր  հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների` ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ ՙհայ- րենասիրությամբ՚ հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է ՙդասակարգային՚ մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
- Մի՜ ըսեր ՙհայ աշխատավորություն՚, ՙհայ քաղքենիություն՚ (բուրժուազիա,- Մ. Լ.), ՙհայ ավատատեր՚, ՙհայ կղեր՚, ազգը մի՜ պատկերեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ ՙհավիտենական հայկականություն՚, ՙհայություն՚,- ուսուցանում է Տարոնականությունը:
Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ ՙմիությունը կստեղծվի ո՜չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կամքով՚ , Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՜ Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՜ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՜յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը: